Դեկտեմբերի17-ին ՙԷրեբունի Պլազա՚ հյուրանոցի ՙԷրեբունի՚ սրահում կայացավ ARMIS շուկայական տեղեկատվության համակարգի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, ՀՄԿ և ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, գյուղատնտեսական ասոցիացիաների, բանկերի, արտադրողների ու վերամշակող ընկերությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ: Հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկայացվեց համակարգի կիրառման միջազգային փորձը, Հայաստանում այն ստեղծելու անհրաժեշտությունը ու դրանից օգտվելու առանձնահատկությունները: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի հայաստանյան ներկայացուցչության ու ՙՋրից դեպի շուկա՚ ծրագրի ղեկավար Ռիչարդ Հարլբրինկը: ARMIS-ի` առաջին հայկական շուկայական տեղեկատվության համակարգը առավել մանրամասն և պատկերավոր ներկայացրեց ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի մարկետինգի մասնագետ ՆորաԱլանակյանը: Նա նկարագրեց, թե ինչպես է գործնականում աշխատում համակարգը`ինտերնետի և բջջային հեռախոսի կարճ տեքստային հաղորդագրությունների (SMS) միջոցով, և խոսեց դրա առավելությունների մասին: Ըստ նրա, օգտագործելով շուկայական այս տեղեկատվությունը` ֆերմերները հնարավորություն են ձեռք բերում համագործակցելու և սակարկելու վաճառողների հետ ավելի շահավետ դիրքերից: Համակարգը նպատակ ունի օգնել նաև տարբեր արդյունաբերական սեկտորների ներկայացուցիչներին, ինչպիսիք են վերամշակողները, մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվողները, հյուրանոցների և ռեստորանների աշխատողները և բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան ստանալ ճշգրիտ տեղեկություններ շուկայի դինամիկայի մասին և ճիշտ պլանավորել իրենց ծախսերը: Համակարգը տրամադրելու է նաև տեղեկություն որակի, հետբերքահավաքային տեխնոլոգիաների, արդյունաբերական նորությունների և այլնի մասին:









